Բաժիններ՝

Նախկին իշխանությունների կնքած համաձայնագրերի արդյունքում Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերվեց շտապօգնության 200 մեքենա

Մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատությունների շտապօգնության մեքենաներն այսուհետև կհամալրվեն 200 նոր մեքենաներով, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ, 135 շտապօգնության մեքենա, որոնք Հայաստանին է տրամադրել Չինաստանի կառավարությունը։

Հիշեցնենք, որ շտապօգնության մեքենաները Հայաստանին անհատույց  տրամադրելու վերաբերյալ դեռևս 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունիի հետ, որի համաձայն՝ նրանց նախանշած ծրագիրը պետք է նպաստեր մայրաքաղաքի, հատկապես` մարզերի, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  նախատեսվել էր, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասներ 2017 թվականին։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար ներդնելու էր 4,8մլրդ ՀՀ դրամ։ Այս առթիվ՝ նախկին նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն էր  հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար. «Դրա շնորհիվ  կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապօգնության ծառայությունում առկա խնդիրները, հատկապես՝ մարզերի մասով»,- ասել էր ՀՀ առողջապահության նախկին նախարարը։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա մարտի 22-ին նախկին նախարար Լևոն Ալթունյանի և ՀՀ-ում Չինաստանի դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Հունլյանը ստորագրել էին  «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանին շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիրը: Կողմերը հստակեցրել էին նաև շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ․ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 նոր մեքենա: Այս ծրագիրը կյանքի էր կոչվել 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։

2017թ. գարնանը ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս հայտնել էր, որ Չինաստանի կառավարությունը Հայաստանին կտրամադրի ևս 200 շտապօգնության մեքենա, իսկ դրանից առաջ տրամադրել էր 88 մեքենա։

Այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին, հանդիսավոր կերպով մայրաքաղաքում մեքենաները հանձնվեցին շահագործման, որին ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, շտապօգնության մի շարք աշխատակիցներ և այլք։ Ի դեպ, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ նախարար Արսեն Թորոսյանը որևէ անգամ չնշեցին, որ այս համագործակցությունը և նվիրաբերումը հնարավոր է դարձել նախկին իշխանությունների կնքած համաձայնագրերի և համագործակցության շնորհիվ։

«2011 թվականին Հայաստանին նվիրաբերած շտապօգնության 88 մեքենաները չափազանց կարևոր դերակատարություն ունեցան շտապօգնությունը և շտապբուժօգնությունը բարելավելու գործում։ ՀՀ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրով 200 մեքենաների նվիրաբերումը Հայաստանին ամենախոշոր ծրագրերից մեկն է։ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ, երկու երկրների ղեկավարները կարևորում են համագործակցության ամրապնդումը և սերտացումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- նշեց դեսպանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի խոսքով՝ չինական կողմի աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել թարմացնել և համալրել շտապօգնության ողջ ավտոպարկը։

«Նվիրաբերած մեքենաները հագեցած են ժամանակակից սարքերով և օժանդակ պարագաներով, ինչն ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը, միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ։ Մեքենաների հագեցածությունն անգամ թույլ կտա ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Երևանի շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Երևանի շտապօգնության մեքենաների համալրումը նոր մեքենաներով ավելի կհեշտացնի և կարագացնի իրենց աշխատանքները։  Նրա խոսքով, մեքենաներում առկա են բոլոր սարքավորումները և եթե շտապօգնության մեքենայում գրանցվի հիվանդի սրտի կանգ, ապա առանց սրտի խումբ կանչելու՝ հնարավոր է այդ խնդիրը լուծել։
Նախարարի և դեսպանի պաշտոնական խոսքից հետո, Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ շտապօգնության մեքենաների հագեցածությանը։
Նշենք, որ չինական կողմը, նախքան շտապօգնության մեքենաների հանձնումը, վերապատրաստել է այն սպասարկող բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, իսկ վարորդներին տվել տեղեկատվություն, թե ինչպես կարելի է ճիշտ շահագործել մեքենաները։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս