
«Մանվել Գրիգորյանն աշակերտների նամակների հետ կապ չի ունեցել». փաստաբան

«Զինվորի բաժին» նշագրումով սնունդը, հագուստը և մնացած իրերն ապրիլյան պատերազմից հետո մնացել են Արցախի համապատասխան տեղերում, իսկ վայրը, որտեղից առգրավվեցին այս ամենը, եղել է ԵԿՄ պահեստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ շեշտելով, որ այնտեղ եղել են նաև ԵԿՄ-ին պատկանող 10-յակ մեքենաներ:
«Այո՛, սեփականության իրավունքով տարածքը պատկանել է իմ պաշտպանյալին, բայց այդտեղ եղել են տարբեր կազմակերպություններ, և վստահ եմ՝ նախաքննության ավարտին այդ հարցերը կստանան վերջնական պատասխաններ»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ հակված է, որպեսզի մեկ ժամ շուտ օբյեկտիվ գնահատական տրվի և բացահայտվի:
Հարցին, ինչո՞ւ են սնունդը վերադարձրել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.
«Կարող եմ փաստել այն, որ մեղադրանքը հնարովի է, նախաքննությունը շուտով կտա գնահատական»:
Ինչ վերաբերում է ծանրոցներում հայտնաբերված աշակերտների նամակներին՝ նկատեց.
«Նամակներն արկղերի մեջ փակված են եղել: Իմ պաշտպանյալը դրանց հետ կապ չի ունեցել: Դա զազրելի արարք է, և նա նման բան չի կատարել»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ