
Նիկոլ Փաշինյանը՝ Ռիչարդ Միլսի աղմկոտ հայտարարության մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «հեռացող մեսիջ է» որակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հայտարարությունը:
Հիշեցնենք, որ դեսպանը նման հայտարարությամբ հանդես է եկել EVN Report-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ավելացրել «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։
EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսը խոսելով հակամարտության կարգավորման մասին նաեւ ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ:
«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին:
Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», – նշել է Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն ավելի է սրել հայերի ընկալումները:
«Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ», – ասել է դեսպանը: