Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին օտարերկրյա լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել է իսրայելացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:
«Մենք Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 20 թիրախ ենք խոցել ի պատասխան Իսրայելի հրթիռակոծման,- ասել է նա:- Այդ թիրախների թվում էին ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հարավային մասում, հրթիռների համար նախատեսված արտադրական հարթակները, ինչպես նաեւ եւս մեկ թունել ափամերձ շրջանում»:
Կոնրիկուսը նշել է, որ լույս հոկտեմբերի 17-ի գիշերը Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված երկու հրթիռները «տեղական արտադրության միջին հեռահարության հրթիռներ են, որոնք կան միայն ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» շարժումների տրամադրության տակ»: «Մենք ՀԱՄԱՍ շարժմանն ենք պատասխանատու համարում հրթիռային գրոհի համար, Իսրայելի բանակը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- հավելել է նա:
Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն (5,5 կմ), կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում:
Ինչպես հոկտեմբերի 17-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, երկրի աշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում է քաղաքացիների անցնելու համար) եւ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում է բեռների տեղափոխումների համար), ինչպես նաեւ Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչեւ 3 ծովային մղոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: