Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օրը պետականորեն նշել հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծ` առաջարկելով, որ Երևանի օրը ֆիքսվի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:
Զոհրաբյանը նման առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, նախագիծը միաձայն կողմ քվեարկությամբ մտցվեց լիագումար նիստի օրակարգ:
«Առաջարկը պարզ ու հասկանալի է : Երևանը մեզ համար ավելին է , քան միայն Հայաստանի մայրաքաղաք լինելը: Էրեբունի-Երևանի տոնը կառավարության որոշմամբ նշվում է հոկտեմբերի տարբեր օրերին, իսկ ես առաջակում եմ օրենքում կատարել փոփոխություն` լրացնելով օրենքի հոդված 14.1-ը հետևյալ հավելմամբ, որ Երևանի տոնը նշվի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Երևանի օրը պետք է լինի պետականորեն նշվող տոն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա կարծիքով` եթե կա Բռնադատվածների հիշատակի օր, Ուսուցչի օր, Գիտելիքի օր, իր համար անհասկանալի կլինի կառավարության առարկությունը, որ Երևանի օրը չամրագրվի օրենքով:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ այդ հարցը թողնեն կառավարության որոշմանը: «Ձևավորված լավ ավանդույթ կա, որ տոնը նշվում է միջոցառումներով, որոնք ենթադրում են կազմակերպչական լուրջ աշխատանքներ: Այս պարագայում կառավարության որոշմամբ կարգավորելը նպատակահարմար է»,-ասաց նա:
Քվեարկությամբ նախագիծը մտցվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: