
«Թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր չի լինելու». Նիկոլ Փաշինյան

Նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու:
Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ այցելությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:
«Մենք նոր փուլ ենք մտնում: Ես մի քանի անգամ ասել եմ, կա բարիկադներ կառուցելու ժամանակ, կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակ: Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիր չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիր է: Դա այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու:
Հայաստանի Հանրապետությունում անթերի մարդիկ չկան: Ես չեմ հիշում որևէ նշանակում, որ խոսակցություն չլիներ: Մեկի դեպքում ասում էին երիտասարդ է, մյուսի դեպքում բարձրահասակ է, երրորդը… էլի եմ ասում անթերի մարդիկ չկան, անթերի նշանակումներ չեն լինելու: Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ուղերձ հղենք այն մասին, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ շատ է խոսվում այս կամ այն պաշտոնյայի արարքների մասին: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ով ինչ արել է, իր արածի համար պատասխան կտա:
«Կապ չունի պաշտոնյա է, թե չէ : Անցել են այն ժամանակները, որ պաշտոնյա լինել նշանակում է արտոնություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: