
Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել գրող Աննա Բեռնսը

Բրիտանացի գրող Աննա Բեռնսը դարձել է 2018 թվականի Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիր: Այս մասին հայտարարվել է Լոնդոնի քաղաքապետարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:
Բեռնսը դարձել Է ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից առաջին հեղինակը, որն արժանացել է այդ մրցանակին, որը շնորհվում է անգլալեզու գրականության բնագավառում: Հեղինակավոր ժյուրին, որը գլխավորել է բրիտանացի գրող եւ փիլիսոփա Քվամե Էնթոնի Ափիան, ընտրել է Բեռնսի Milkman («Կաթնավաճառը») անվանումը կրող վեպը ֆինալիստների «համառոտ ցանկից»՝ այն համարելով «պարզապես հիանալի»:
«Մեզնից ոչ ոք երբեք նման բան չի ընթերցել»,- ասել է Ափիան՝ ներկայացնելով հաղթողին:
Ստեղծագործությունը պատմում է երիտասարդ աղջկա բարոյական երկընտրանքների մասին, որն ապրում է Հյուսիսային Իռլանդիայում 1970-ական թվականների հակամարտության ժամանակ:
Բացի հեղինակավոր պարգեւից, գրողը, որն այժմ ապրում է Անգլիայի Իստ Սասեքսի կոմսությունում, ստացել է 50 հազար ֆունտ ստեռլինգի (գրեթե 66 հազար դոլարի) չափով մրցանակը: Մրցանակն ստանալով Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի ձեռքից՝ Բեռնսը, չթաքցնելով հուզմունքը, շնորհակալություն է հայտնել ընկերներին եւ հրատարակիչներին իրեն աջակցելու համար, ինչպես նաեւ պատշաճն է մատուցել մրցանակի մյուս հավակնորդներին՝ նշելով նրանց գործերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: