Բաժիններ՝

Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման փակել է բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին

Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում է քաղաքացիների անցնելու համար) եւ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում է բեռների տեղափոխումների համար), ինչպես նաեւ Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչեւ 3 ծովային մղոն,- ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:- Իսրայելի պաշտպանության նախարարն այդ որոշումն ընդունել է Իսրայել Պետության տարածքի հրթիռակոծումից հետո»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք: Times of Israel թերթը նշում է, որ հրթիռը պայթել է Բեեր Շեւայի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով հրթիռակոծման հետեւանքով վիրավորներ չկան, բայց վնաս է պատճառվել: 200-հազարանոց Բեեր Շեւան գտնվում է Գազայի հատվածից 40 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում է որպես լուրջ էսկալացում:

Հրթիռակոծմանն ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն «սկսել են Գազայի հատվածում հարվածներ հասցնել ահաբեկչական թիրախներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս