Բաժիններ՝

«Հենզելը պետք է բացարձակ թաքուն գործի…». «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» կինոնկարը շուտով մեծ էկրան կբարձրանա

«Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» լիամետրաժ գեղարվեստական Ֆիլմը հանրության դատին կհանձնվի հոկտեմբերի 18-ին:

Կինոնկարում Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, որպեսզի հանրության լայն շրջանակը կարողանա այն դիտել: Պապի ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն այդ անհաջողությունները վերածվում են հաղթանակների:

«Կինոնկարը և՛ կատակերգություն է, և՛ դետեկտիվ: Նախկինում հայկական իրականության մեջ այդ ժանրում արված այլ ֆիլմերում ի սկզբանե պարզ է լինում, թե որտեղ է գողացված այս կամ այն բանը, ով է մեղավորը, և գլխավոր հերոսները փորձում են գտնել մեղավորին ու պատժել նրան: Այս դեպքում բացահայտումները շղթայական են: Ֆիլմի մինչև վերջին պահը մենք չենք կռահում, թե ով է այդ ամենի ետևում կանգնած և թե ինչ նպատակով է արվել գողությունը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինոնկարի սցենարիստ Նարեկ Ավագյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմում Հենզելին մարմնավորած դերասան Մկրտիչ Արզումանյանը մի քանի կերպարներում է հանդես գալիս: «Հենզելը պետք է բացարձակ թաքուն գործի և մուտք չունի մի շարք վայրեր, հետևաբար ստիպված է իր բոլոր հարցերը լուծել կերպարանափոխվելու միջոցով: Այդպես նա կարողանում է հայտնվել տարբեր հաստատություններում, միջավայրերում և հարցաքննել համապատասխան մարդկանց»,-պատմեց սցենարիստը:

Անդրադառնալով ֆիլմում ընդգրկված դերասանական կազմին՝ Ավագյանը փաստեց, որ կինոժապավենը կառուցվել է Մկրտիչ Արզումանյանի շուրջ, իսկ մյուս դերասաններն ընտրվել են քասթինգի միջոցով:

«Կարծում եմ` շատ լավ է, որ քասթինգի մշակույթը զարգանում է, ողջունելի է դերասանների քասթինգ անցնելու պատրաստակամությունը: Լինում են դեպքեր, երբ հայտնի դերասաններն ասում են. «Ինչպե՞ս… ես քասթի՞նգ անցնեմ»: Քասթինգը լավ պրակտիկա է, և մենք չսխալվեցինք: Իհարկե, կան կերպարներ, որոնք մեր պատկերացրածից մի փոքր այլ են ստացվել, բայց դա չի նշանակում, որ ավելի լավն են կամ ավելի վատն են: Ըստ իս` բոլոր կերպարներն էլ ստացված են: Հետաքրքիր, գունեղ հերոսներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը»,- շեշտեց նա:

Նարեկ Ավագյանը նախկինում աշխատել է «Եռաչափ սեր» ժամանցային հեռուստասերիալի, «Տնփեսա» և «Դոմինո» սիթքոմների, «Պլյուս-մինուս» ներկայացման սցենարների և այլ նախագծերի վրա: «Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նրա առաջին լայնածավալ աշխատանքն է այդ ժանրում: Ավագյանը նշեց, որ փորձել են ստեղծել ֆիլմ բոլորի համար:

«Ի սկզբանե իմ առաջ խնդիր եմ դրել մշակել այնպիսի սյուժե, որում յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, գտնի իր քիմքին հաճելի հումոր: Թեման պտտվում է Սուրբ Գեղարդի շուրջ, որի անհետացումը երկրի համար շատ կարևոր կորուստ է: Նման սցենարը կարող են հասկանալ նաև այլ ազգերի ներկայացուցիչները, եթե իհարկե ֆիլմը թարգմանվի: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ կան դրվագներ, հումորներ, որոնք առավել կամ գուցե բացառապես ընկալելի են հայ հասարակության համար»,- եզրափակեց Ավագյանը:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը: Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատորը՝ Արթուր Ուստյանը, գծային պրոդյուսերը Վահան Գրիշկյանն է, իսկ կինոնկարի պրոդյուսերը Տիգրան Համբարձումյանն է:

Ֆիլմը նկարահանվել է «PersonaJe Films»-ի կողմից:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս