Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է Նաուերթի թեկնածությունը. Politico
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:
«Նաուերթը ավելի մոտ է դարձել Փոմպեոյին, որի հետ հոկտեմբերի 16-ին ուղեւորվել էր Սաուդյան Արաբիա: Սպիտակ տան աշխատակիցները նրան ընդունակ են համարում հանդես գալ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության պաշտպանությամբ: Նա նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի գլխավոր թենածուն է, որը կփոխարինի Սառա Սանդերսին, երբ նա հեռանա, թեեւ այդ աշխատանքը պակաս գրավիչ է վերջին երկու ամսվա ընթացքում բրիֆինգների թվաքանակի կրճատման կապակցությամբ»,- գրում է թերթը:
Նաուերթն ինքը հրատարակությանը չի մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը, Սպիտակ տանը նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից:
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն է դիտարկում: Նախագահը չԷր հրապարակել նրանց անունները, բայց ասել էր, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: «Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- նշել էր նա:
Թրամփը նաեւ ընդգծել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ է քննարկել նրա թեկնածությունը: Մինչ այդ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ:
Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը:
Հեյլին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: