
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 20 ընկերությունների և բանկերի դեմ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի նկատմամբ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է նախարարությունը:
Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են մի քանի ներդրումային ընկերություններ, ինչպես նաեւ ցինկի արդյունահանման հետ կապված ընկերություններ, պողպատաձուլական ընկերություն եւ մի շարք բանկեր: Բոլոր կազմակերպություններն էլ գրանցված են Իրանում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվում են այն պատճառով, որ ընկերությունները ֆինանսական օգնություն են տրամադրում Բասիջ աշխարհազորին, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորմանը:
«Ընկերությունների այդ ընդարձակ ցանցը ֆինանսական ենթակառուցվածք է տրամադրում Բասիջի ուժերին՝ երեխաների հավաքագրման, ուսուցման եւ հրահանգման համար, որոնց մարտական գործողությունների են հարկադրում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հրամանով»,- հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: