Բաժիններ՝

Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Արա Բանդուրյանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, շուրջ 10 անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ոգելից խմիչք օգտագործելու ընթացքում կոտրել է ակումբի բաժակները, դրսևորել հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք, ակումբի պարահրապարակ մոխրաման նետել:

Այնուհետև՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բանդուրյանը ակումբում գտնվող անձանց կյանքի և առողջության համար ստեղծելով իրական վտանգ և վախի մթնոլորտ, հրազեն հանդիսացող ատրճանակով, խուլիգանական դրդումներով, թվով հինգ կրակոց է արձակել և վնասել ակումբի պատը, որի արդյունքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում 2018թ. հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:
Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդմասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս