Բաժիններ՝

Փոխվարչապետ Միրզոյանը վստահ է` Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարդարացնի իր նշանակումը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահ է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարդարացնի իր նշանակումը: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցչին այս պաշտոնում նշանակելու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկմանը:

«Եկեք տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի: Ես վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը: Նոր Հայաստանում պետք է բոլորը հնարավորություն ունենան: Մեծ հաշվով՝ նոր Հայաստան կերտելուն պետք է մասնակցեն, երկրորդ հնարավորություն պետք է ունենան բոլորը: Մենք մշտապես ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, օդում է, և ովքեր ուզում են նոր խաղի կանոններով աշխատել, արարել, պիտի այդ հնարավորությունն ունենան»,- ասաց Միրզոյանն ու նկատեց` իհարկե, կա նաև քաղաքական հայեցողության հարց:

Նա նշեց` տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ու վարչապետը նպատակահարմար են գտել աշխատել Հունան Պողոսյանի հետ: Անցյալի հետ կապված եզրակացություններ կան, բայց պետք է սպասել և տեսնել, թե առաջիկայում ինչ կլինի:

Հարցին` այլ անակնկալ նշանակումներ սպասվո՞ւմ են արդյոք, փոխվարչապետը պատասխանեց` ոչ ոք չպետք է հայտնվի գծից այն կողմ: «Մեզ համար համերաշխությունն արժեք է: Եթե գնանք բոլոր նախկիններին մերժելու ճանապարհով, լավ բանի չենք հասնի»,-եզրափակեց Միրզոյանը:

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի հերթական նիստում Սյունիքի մարզպետ է նշանակվել Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ` Դավիթ Գևորգյանը, իսկ Արմավիրի մարզպետ` Համբարձում Մաթևոսյանը: Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի երկուսին «Բարգավաճ Հայաստան» և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս