Արարատ Միրզոյանը բացում է չակերտները. ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական եզրակացություն չի լինելու

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, որի ընթացքում քննարկվել է Ընտրական օրենսգիրքը։

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ քննարկումն ուշացած է, ձևական և թերի, քանի որ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես՝ խորհրդարանական կառավարման մոդելով հանրապետությունում առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու թեմա է։

«Ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որը ստեղծվել էր մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում չորս խմբակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ։ Ավելին՝ այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային կոնսենսուսային՝ չորս խմբակցությունների կողմից մշակված առաջարկություններ, որոնք այս նախագծում հաշվի չեն առնվել։ Այս Ընտրական օրենսգրքի քննարկումը հետնահանջ է նախորդ Ընտրական օրենսգրքի քննարկման հետ, որը ծնեց 4+4+4 ձևաչափը, ինչն էլ բերեց խորհրդարանում կոնսենսուսային քվեարկության և միջազգային հանրության կողմից մեր ընտրական գործընթացի նկատմամբ մեծ վստահության և աջակցության, սա ևս չի արվել»,- նշեց Վ. Սարգսյանը։

Նա նաև նկատեց, որ նախագիծը բոլորովին վերջերս է ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին, և ուղարկածն էլ վերջին տարբերակը չի եղել։
Այս առթիվ՝ հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասել է, թե վստահ է, որ չեն հասցնելու ստանալ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, և հնարավոր է՝ որևէ մեկը հարցազրուցի տեսքով որևէ կարծիք հայտնի։
Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ, այս ամենն անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, և լավ կլիներ այդ ձևով նախագիծը չուղարկեին՝ արդարանալով, որ արտակարգ իրավիճակ է նոր Հայստանում, չեն ուղարկում, և այլն։

«Այն հապճեպությունը, որն այսօր մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, պայմանավորված է մեկ հանգամանքով, որ այսօր գործադիր իշխանություն ունեցող քաղաքական ուժը համարում է, որ քաղաքական առումով իր համար նպաստավոր պայմաններ է ընտրություններ անցկացնելու համար, և գնում է այնպիսի քայլի, որն իրականում մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը և Հայաստանում կուսակցությունների կայացմանը. սրա համար ցավում եմ»,- փաստեց Վ. Սարգսյանը։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին՝ տեղեկացրել է, որ հայեցակարգը և Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, իսկ պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկել են նաև այսօր։

Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողովի հետ շփումները շարունակվելու են, սակայն նա ենթադրում է, որ փորձագիտական եզրակացություն չի լինելու։

168.am-ը մինչ այդ տեղեկացրել էր https://168.am/2018/10/16/1025893.html , որ հոկտեմբերի 19-ին Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ այդ նախագիծն անգամ ուղարկված չէ կարծիք ստանալու նպատակով, այնպես որ, Վենետիկի հանձնաժողովը որևէ կարծիք չի հայտնելու, պարզապես գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գոնե ձևական գործընթաց ապահովել՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ցուցադրական պատրանք ստեղծելու նպատակով։
Վենետիկի հանձնաժողովի հետ այդ համագործակցությունը, բացի Արարատ Միրզոյանի այցից ու մնացած այլ արարողակարգային ձևականություններից, որևէ այլ ընթացք չի ստանալու, որովհետև Վենետիկի հանձնաժողովը կարծիք չի հայտնելու։
«Իսկ իշխանությունները շտապում են. այնքան են շտապում, որ միակ բանը, որ կարողանում են անել, դա փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է»,- մինչ Միրզոյանի այսօրվա հայտարարությունը տեղեկացրել էր 168.am-ը։
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս