
Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քրեական գործով տուժող են ճանաչվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով:
Նա նշել է, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է: Նա մանրամասնել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի: Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում: Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ասել է, որ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ գործընթաց է: