
Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնն առնվազն 26 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հզոր հեղեղումների հետեւանքով, որոնք իր հետ բերել է երկրի արեւելյան ափերում մոլեգնող «Տիտլի» ցիկլոնը: Այդ մասին հայտնել է նահանգի կառավարությունը: Նրա տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Հաջափաթի օկրուգում. այստեղ սողանքից 18 մարդ է զոհվել:
Ներկայում «Տիտլի»-ն կորցրել է իր ուժը, սակայն Հնդկաստանի արեւելյան շրջաններում ցիկլոնի հետեւանքներն իրենց վրա զգացել է մոտավորապես 570 հազար մարդ: Փոթորկալի քամին, որի արագությունը հասնում էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ է արել ծառեր ու էլեկտրասյուներ: Առատ տեղումները մի շարք բնակավայրերում առաջացրել են հեղեղումներ, սողանքներ եւ տանիքների փլուզում:
Ընդհանուր առմամբ ցիկլոնի մոտենալու նախօրեին Օրիսայի հինգ օկրուգներից տարհանվել է մոտավորապես 300 հազար մարդ: Նահանգի առափնյա շրջաններում ուսումնական պարապմունքներն առաջվա պես չեղարկված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: