«Փաշինյան-Թրամփ» հանդիպում կլինի. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ

«Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա»,- այս մասին այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությանը:

Ջորջ Քենթն ասաց, որ որպես դիվանագետներ՝ իրենք մշտապես աջակցում են իրենց ղեկավարների հանդիպումներին: «Վստահ եմ, որ հանդիպում կլինի, սակայն չեմ կարող ասել, թե երբ ու որտեղ: Սակայն վստահ եմ, որ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,- ասաց պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո ինչպե՞ս է տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկան ու ապագան, բանախոսը պատասխանեց, որ Հայաստանում կազմակերպվելիք ընտրություններից հետո հայ-ամերիկյան միջկառավարական խմբի հանդիպում տեղի կունենա եկող տարվա փետրվար ամսին, որի ընթացքում նորովի կդիտարկեն հարաբերությունների ընթացքը, և, ինչպես դեսպան Միլսն էր ասել նախորդ շաբաթ, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ուղղվող արտաքին աջակցությունն ավելացել է, և ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ:

Նրա խոսքով, օրակարգը Հայաստանինն է, և իրենք պատրաստ են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ, աջակցել այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսին կոռուպցիան է, քանի որ ԱՄՆ-ը այդ ոլորտում մեծ փորձառություն ունի, աշխատել է Վրաստանի և Ուկրաինայի հետ:

«Կարող ենք հարկ եղած դեպքում այս հարցի շուրջ լուծումների հստակեցման համար առաջարկներ ներկայացնել»,- ասաց դիվանագետը:

Նա նաև նշեց, որ պատրաստ են աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Օրինակ` Հայաստանի Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետների: Ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների հետ կապված դիտարկեցինք այդ ուղղությամբ մեր ընկերությունների ունեցած փորձը` լինի հիդրոէներգետիկ ոլորտ, «Կոկա-կոլա» ընկերություն, հանքարդյունաբերություն: Կա խոշոր ներդրում, որը ներկայումս վերանայվում է, մենք անչափ կարևորում ենք, որպեսզի պայմանագրերի նկատմամբ հարգանքն ապահովվի: Դա խթան կլինի ներդրողների համար այստեղ ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ արժանապատվորեն կարողանան այստեղ աշխատել և իրենց ապագան կերտել: Եվ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ նաև մշակութային, կրթական, տնտեսական տարաբնույթ հարցերի շուրջ»,- ասաց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս