«Երևանի ծայրամասային շատ հատվածներից կարմիր գծերը պետք է վերացնել». «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ
«Կարմիր գծերի և այդ փարքինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Դուք համաձա՞յն եք, որ այդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք և այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում»,- հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել էր Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը պնդում է՝ վարորդների իրավունքների պաշտպանները համաձայն չեն քաղաքապետի այդ ձևակերպման հետ:
«Քանի որ քաղաքային իշխանությունը նոր է, երևի թե հաշվի չեն առել, որ 2012 թվականից սկսած կարմիր գծերից բյուջե ոչ թե ավելի շատ գումարներ են մուտքագրվել, այլ վնասներ են հասցվել: Պետք չէ ասել, որ կարմիր գծերից ստացած շահույթով միայն մանկապարտեզներ են վերանորոգելու: Քաղաքային իշխանության բյուջեով այլ ծախսեր կարելի է անել, եթե լրացուցիչ մուտքեր լինեն: Նախկինում հավաքագրած գումարներն անգամ չեն բավարարել ծառայության մատուցման հետ կապված ծախսերի փակման համար: Քաղաքացիների բողոքների մոտ 90 տոկոսը բավարարվել է: Այսինքն, կատարվել է որոշակի աշխատանք, որի համար քաղաքային բյուջե գումար մուտք չի գործել: Ավելին, 50 տոկոս էլ պետք է վճարեին ծառայություն մատուցող կազմակերպությանը, որն այն ժամանակ «Փարքինգ սիթի սերվիսն» էր, տարեկան ստանում էր 450 միլիոնի չափ գումար: Իսկ քաղաքային բյուջեն ամեն տարի մոտ 100 միլիոնի վնասներ է կրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Քեյանը:
Նրա փոխանցմամբ՝ շատ վատ են կազմակերպվել նաև ավտոկայանատեղիների մասով մատուցվող ծառայությունները:
«Քաղաքացիները ոչ թե դժգոհում են կարմիր գծերի վճարման համար, այլ բողոքում են պատշաճ ծառայությունների չմատուցման համար: Մեքենան վնասվում է, պատասխանատվության չեն կարողանում ենթարկել վնասողին, քանի որ չեն կարողանում հայտնաբերել: Որոշ հատվածներ արհեստական ձողերով փակվում են, ու չեն կարողանում կայանել: Կան հատվածներ, որ որոշ մեքենաներ են կանգնած առանց համարանիշի, քաղաքացին չի կարողանում կայանել: Խախտում կատարողն էլ չի պատժվում: Այսինքն, պետք է փոխենք ծառայությունների մատուցման համակարգը, դարձնենք որակյալ»,- նշեց Տիգրան Քեյանը:
Նա կարևորեց նաև Երևանի ծայրամասային շատ հատվածներում կարմիր գծերը վերացնելը:
«Օրինակ՝ Կոմիտաս, Աջափնյակ վարչական շրջաններում, Մասիվում կան հատվածներ, որտեղ առհասարակ տրանսպորտային միջոցները կայանում չեն կատարում»,- մանրամասնեց բանախոսը:
Անի Կարապետյան