Տրանսպորտի թանկացնել-չթանկացնելու հարցը հանրաքվեով լուծելն անհեթեթություն է
Հոկտեմբերի 13-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ստանձնելով քաղաքապետի պաշտոնը՝ լրագրողների հետ զրույցում խոսեց մի շարք հարցերից, այդ թվում՝ հանրային տրանսպորտի գներից։ Լրագրողի հարցին, թե առաջիկայում տրանսպորտի գինը կբարձրանա՞, նորընտիր քաղաքապետը հայտարարեց, որ
զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի՝ անգամ լուցկու, կարագի գինը թանկացել է, բացի տրանսպորտից:
«Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, իմ կարծիքով, որ չի թանկանում՝ արդեն օբյեկտիվ չէ: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի բողոքի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու մեջ: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տեղափոխվելու միջոցները պիտի փոխվեն, և նոր խոսենք գների մասին:
Գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար մենք նույնպես պետք է միասին որոշենք: Երևանի բնակիչներին պետք է ասենք՝ տրասնպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է: Թիվն անփոփոխ է լինելու: Հիմա մենք սուբսիդավորե՞նք դա, և քաղաքացիների համար չթանկանա, բայց սուբսիդավորումը միևնույնն է, քաղաքային բյուջեից է գնալու, և քաղաքական բյուջեով ինչ-ինչ հարցեր չի լուծվելու: Ես միշտ բերում եմ մանկապարտեզների վերանորոգման օրինակը, կամ չգիտեմ՝ դպրոցների բակերի բարելավման և այլն:
Այսինքն՝ այդ հարցերը չենք լուծելու և մենք սուբսիդավորելու ենք տրանսպորտը, թե մենք ուզում ենք մի փոքր թանկանա տրանսպորտը, և այդ հարցերը լուծենք»,- իր խոսում նշեց Հ. Մարությանը` հայտարարելով, որ բնակիչները հանրաքվեի միջոցով կորոշեն՝ արդյո՞ք ցանկանում են, որ տրանսպորտը թանկանա:
Քաղաքապետի ելույթից հետո, երբ բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց հոդվածներում չբացառեցին, որ հանրային տրանսպորտը կարող է թանկանալ, և մեջբերեցին Հայկ Մարությանը խոսքը, նորընտիր քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց և հայտարարեց, թե իր խոսքը խեղաթյուրել են՝ մասնավորապես նշելով.
«Սիրելի երևանցիներ, նոր նկատեցի, որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա, դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:
Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:
Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ»։
Եվ սա՝ այն դեպքում, երբ Մարությանի խոսքի տեսանյութը տարածվել էր, և դրանում հստակ էր թանկացման մասին տեսակետը։ Հիշեցնենք, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ նույն Հայկ Մարությանը ակտիվ պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ։
Այստեղ տնտեսագետներին և որոշ վերլուծաբանների մտահոգել էր ոչ այնքան տրանսպորտի գնի բարձրացումը, որքան խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելը։ Տնտեսական մենաբան Բաբկեն Թունյանն այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ժողովուրդ, տնտեսական որոշումները՝ տրանսպորտի թանկացումից մինչև հարկային փոփոխություններ, հանրաքվեով չեն որոշվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ հանրաքվեով որոշվեր, թե եկամտային հարկը քանի տոկոս պիտի լինի։ Համոզված եմ՝ մեծամասնությունը կողմ կքվարկեր զրո տոկոսի օգտին։ Հանրաքվեն հասկանալի կլիներ, եթե լիներ վստահության դեֆիցիտ։ Բայց 82% քվե ստացած ուժը նման խնդիր չունի։ Էնպես որ, մի վախեցեք ոչ պոպուլյար որոշումներից ու պատասխանատվություն ստանձնելուց, եթե համոզված եք որոշման ճշմարտացիության մեջ»։
Իրականում ի՞նչ օբյեկտիվ պատճառներ կան այսօր, որոնք ենթադրում են տրանսպորտի թանկացում, և արդյո՞ք հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով։
168.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Սերգեյ Ղահրամանյանը փաստեց, որ օրեցօր հանրային տրանսպորտից օգտվողների թիվը կրճատվում է, քանի որ տրանսպորտը գտնվում է խայտառակ վիճակում։
«Եթե մենք պետք է շարունակենք երթևեկել այսօրվա տրանսպորտային միջոցներով, բայց գինը բարձրացնեն, ապա թանկացնելն անիմաստ է, և այդ քայլն այդքան էլ խելամիտ չէ։ Եթե խոսքը տրանսպորտային միջոցների փոփոխության մասին է, որոնք կաշխատեն ըստ սահմանված ժամի և քաղաքացիների համար չեն ստեղծի անհարմարավետություններ, ապա այս դեպքում թանկացնելը հարաբերական է, քանի որ այն որակը, որը սպասում ենք, և այն գումարը, որը պետք է դրա դիմաց վճարվի, կլինի համահունջ։ Կրկնում եմ, եթե թանկացում ասելով՝ նկատի ունեն այսօրվա տրանսպորտը, ապա տրամաբանություն չկա այստեղ, հատկապես այն դեպքում, որ ասում են՝ ամեն ինչ թանկացել է, պետք է տրանսպորտն էլ թանկանա, այդ տրամաբանությամբ եկեք ամեն ինչ էժանացնենք»,- նշեց Ս. Ղահրամանյանը։
Անդրադառնալով հարցը հանրաքվեի միջոցով լուծելու քաղաքապետի մոտեցմանը, մեր զրուցակիցը նկատեց, որ այս մոտեցումը տեղին չէ, և հանրաքվե անցկացնելն էլ էժան հաճույք չէ, բացի այդ, Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել՝ ստանալով քաղաքացիների 82%-ի քվեն, այսինքն՝ ունի լեգիտիմության բարձր աստիճան։
«Եթե նման հարցերն ամեն անգամ պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով, ապա ավագանին կարող էր և չլինել, սա, իհարկե, չակերտավոր եմ ասում։ Բացի այդ, հանրաքվեին պետք է մասնակցեն 18 տարին լրացած քաղաքացիները, իսկ հանրային տրանսպորտից օգտվում են բոլորը՝ սկսած մեկ տարեկան երեխաներից։ Օգտվողների շարքում են նաև մարզերից եկած ուսանողները, որոնք Երևանի գրանցում չունեն և չեն կարող հանրաքվեին մասնակցել։ Այսինքն՝ այս ամենը ում վրա անմիջականորեն ազդում է, նրանք չեն կարող մասնակցել հանրաքվեին։ Բնականաբար, բոլորն էլ ցանկանում են, որ տրանսպորտը ամենաէժանը լինի, որևէ մեկը չի գնա-ասի՝ թանկացրեք։ Կարծում եմ՝ հանրաքվե չի լինելու, նորընտիր քաղաքապետն ուղղակի այդպես է ներկայացրել, որպեսզի ասի, թե որոշումները միանձնյա չի ընդունելու»,- շեշտեց Ս. Ղահրամանյանը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ քաղաքապետարանում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր տրանսպորտի իրավիճակը և աշխատանքներ էր տանում, թե ինչպես կարելի էր բարելավել տրանսպորտի վիճակը։
«Աշխատանքային խումբը ներկայացրել էր, թե տրանսպորտն ինչպես պետք է աշխատի, ինչ նոր գծեր են լինելու, և այս ամենն ինչ վճարումներ է ենթադրում։ Ամեն ինչ արված է, մնում էր հասկանալ, թե ինչ ֆիրմային տրանսպորտ պետք է ներկրվեր Հայաստան։ Բայց այս գործընթացը դադարեցվեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով։ Մենք նախկինում միշտ էլ ասել ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թանկացումներ չլինեն։ Այսօր մեզանում տրանսպորտի բոլոր միջոցները՝ ավտոբուս, մետրո, բոլորն արժեն 100 դրամ։ Այստեղ խնդիր այն է, թե ինչ տրանսպորտով կերթևեկեն մարդիկ, տոմսո՞վ կլինի, թե՞ գումարն անմիջապես կվճարեն վարորդին։ Մինչև այս հարցերը կպարզվեն, թանկացումներից խոսելը վաղ է։ Գուցե նորընտիր քաղաքապետը դեռևս ծանոթ չէ և չգիտի՝ ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։ Համոզված եմ, երբ վերջնականապես ծանոթանա հարցին, կգա այն եզրակացության, որ այս հարցը հանրաքվեով չի լուծվի»,- ընդգծեց Կ. Չիլինգարյանը։
Զվարթ Խաչատրյան