
ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնության յուրաքանչյուր դեպք. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլի Լիտցենբերգերը:
«Որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ մենք աշխատում ենք երեք սկզբունքների շրջանակներում. մեկը՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իսկ երրորդը`ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այդ երեքից յուրաքանչյուրը կարևոր է: Համանախագահող բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դատապարտում են ցանկացած բռնություն և շփման գծում բռնության կիրառման ցանկացած սպառնալիք, որը խախտում է խաղաղ գործընթացը, ինչպես նաև 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է դիվանագետը: