
Թուրքիայում ոստիկանները գյուլենականության մեղադրանքով ձերբակալել են 51 զինվորականի

Թուրքիայի հանրապետական դատախազությունը շարունակում է ուժային կառույցները գյուլենականներից «մաքրելուն» ուղղված գործողությունները: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն այս անգամ հատուկ գործողություններ է իրականացրել Թուրքիայի ռազմաօդային ուժերում:
Գյուլենականության կասկածանքով բերման է ենթարկվել 51 սպա (գործող և պաշտոնաթող), որոնցից 5-ը փոխգնդապետ են, 12-ը՝ մայոր, 31-ը՝ կապիտան, 1-ը՝ ավագ լեյտենանտ:
Հատուկ գործողություններն իրականացվել են Անկարա նահանգի 27 շրջաններում:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» (գյուլենականներ) ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին (1998 թվականից վտարանդիության մեջ է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում) մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ:
Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային:
«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, որն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: