
Թուրք-իրաքյան սահմանին թուրքական ռազմաբազա է հրթիռակոծվել

Թուրք-իրաքյան սահմանի Հաքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական ռազմաբազա է հրթիռակոծվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Տեղեկության համաձայն՝ թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK/ՔԱԿ) զինյալների կողմից:
Արձակվել է երկու հրթիռ, ինչի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 3-ը՝ վիրավորվել:
Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է նաև ռազմաբազայի մոտակա գյուղերից մեկի բնակիչ:
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն էր պայթեցվել, ինչի արդյունքում կային զոհեր և վիրավորներ:
Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից:
Պայթյունի հետևանքով զոհվել էր թուրքական զինված ուժերի 7 զինծառայող:
1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հիմնադրվել է 1978թ. Աբդուլլահ Օջալանի գլխավորությամբ:
PKK գլխավոր նպատակն է Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: