Պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով. վարչապետ Փաշինյանը նախագահ Սարգսյանի հետ քննարկել ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի քննարկենք ներքաղաքական իրավիճակը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իսկապես շատ կարևոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաև հանրապետության նախագահի հետ: Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»: 

Տեսանյութեր

Լրահոս