Բաժիններ՝

Ֆրանկոֆոնիայի ավանը մշակույթների և քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկ է. կայացավ ավանի պաշտոնական բացումը

Ֆրանկոֆոնիայի ավանը մշակույթների և քաղաքակրթությունների հանդիպման վայր և խաչմերուկ է: Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացավ ավանի պաշտոնական բացումը:

«Հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ մեր մայրաքաղաքի հազարամյա պատմության էջերը զարդարվեցին ևս մեկ բացառիկ և գեղեցիկ իրադարձությամբ: Ֆրանկոֆոնիայի ավանը մեկ հարկի տակ միավորում է աշխարհի 5 մայրցամաքներից տասնյակ երկրների՝ իրենց մշակութային բազմազանությամբ: ՖՄԿ-ն գործում է ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության, անդամ երկրների միջև համագործակցության ուժեղացման: Այս ամենի վառ ապացույցն է «Ապրել և ստեղծել միասին» կարգախոսը և այս կարգախոսի ներքո կազմակերպված գեղեցիկ ավանի գոյությունը: Այն խաչմերուկ և հանդիպման վայր է մշակույթների և քաղաքակրթությունների համար: Այն, կարծես, մի նվեր լինի մեր 2800-ամյա մայրաքաղաքի, իր բնակիչների և զբոսաշրջիկների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա ավանը համարեց մեկ վայրում ողջ ֆրանկոֆոն աշխարհի գեղեցկությանը և բազմազանությանը հանդիպելու բացառիկ հնարավորություն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի անունից ավանի բացմանը մասնակցեց ՖՄԿ-ի ադմինիստրատոր Ադամա Ուանը: Նա նկատեց՝ ունենք 6 օր ՝ բացահայտելու այն մշակույթը, որ ներկայացնում են այստեղ բոլոր երկրները: Նա ֆրանկոֆոնիայի ավանն առաջին հերթին մեծ հնարավորություն համարեց՝ բացահայտելու Հայաստանը, որը ընդունել և դիմավորել է ՖՄԿ-ի գագաթնաժողովը և Ֆրանկոֆոնիայի օրերը: «Վայելեք այն մշակութային բազմազանությունը, որը ձեզ կներկայացվի այստեղ: Ֆրանկոֆոնիան թույլ է տալիս տարբեր մշակույթներին իրենց ողջ բազմազանությամբ ներկայանալու՝ առաջին հերթին Հայաստանին: Այսօր ողջ Ֆրանկոֆոնիայի ավանը բաց է բոլորի համար, որպեսզի միասին ծանոթանանք այն մշակույթներին, որոնք կներկայացվեն այստեղ»,- նշեց Ադամ Ուանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց՝ մեծ պատիվ է հյուրերին ընդունել Ազատության հրապարակում՝ միասին ազդարարելու Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: «Ֆրանկոֆոնիան կարող է հպարտանալ իր ընտանիքով, որ ուժեղ է իր արժեքներով, որն այն մշակույթների իսկական խճանկարն է: Երևանյան գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի այս գրկաբաց ավանում իր դռներն է բացել երաժիշտների, նկարիչների, արվեստասերների և բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր տաղավարներում և նաև բեմից կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, ավանդույթները: Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ մեր բազմաթիվ հյուրերին ընդունելու համար, որոնցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան: Որքան գեղեցիկ է, որ այսօր Երևանում հավաքվել ենք և կիսում ենք մեր մշակույթը, արժեքներն ու ժառանգությունը մեր բարեկամների հետ միասին»,- ընդգծեց Մնացականյանը:

Նախարարն իր երախտիքը հայտնեց ավանի բոլոր մասնակիցներին, ովքեր երկար ճանապարհ են անցել, որ խճանկարը լինի ամբողջական:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12։00-20։00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար:

Լուսանկարը` Ֆելիքս Առուստամյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս