ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում անհետացած լրագրողի գործով
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:
Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել էր թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:
Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն:
Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել:
Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը: