Հայաստանի թավշյա հեղափոխությունը վայելում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգանքը. Ադամ Ուան
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վայելում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգանքը: Այս մասին Երևանում Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանն իր ելույթում նշեց ՖՄԿ-ի ադմինիստրատոր Ադամ Ուանը:
«Հեղափոխությունը վայելում է մեր հարգանքը և հրավիրում բոլորիս Հայաստան: Ես ողջունում եմ հայ երիտասարդներին, իսկ երիտասարդ ասելով՝ նկատի ունեմ 4-104 տարեկաններին»,- ասաց Ադամ Ուանը:
Հիշատակելով Շառլ Ազնավուրին՝ ՖՄԿ-ի ադմինիստրատորը մեջբերեց նրա խոսքերը. «Մենք պիտի ապրենք մեր երիտասարդությունը մինչ արբեցում»:
ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Հայաստնում: Դրա շրջանակում իրականացվող ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:
Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12։00-20։00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար: