ՀՅԴ-ն չի՞ կողմնորոշվել

Հայ Հեղափոխական դաշնակցությունը դեռևս չի հրապարակում իր հետագա քայլերը։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «շատ շահագրգիռ ու օգտակար քննարկում» որակեց, սակայն արդյո՞ք կա որևէ արդյունք, կամ ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, Ա.Համբարձումյանը չպարզաբանեց։

168.am-ը փորձեց պարզել՝ ի՞նչ եզրահանգումների են եկել ՀՅԴ-ում երեկվա հանդիպումից հետո և ի՞նչ փոխզիջումների են պատրաստ։

«Այս պահին հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում,- ասաց Ա. Համբարձումյանը և շարունակեց,- Եկեք փակագծերը շատ չբացենք, վերջնակետի կգանք, կհրապարակենք արդյունքները»։

Նա նշեց, որ բանակցությունները դեռ շարունակվելու են, սակայն թե ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, դեռ պարզ չէ։

Թե ինչո՞ւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ չեն ընթանում քննարկումները՝ հարցին, Ա. Համբարձումյանը պատասխանեց, որ նախ քաղաքական ուժերը պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն։

Նշենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ է, բայց ոչ անհապաղ, բավարար ժամանակ պետք է հատկացվի անհրաժեշտ քայլեր կատարելու համար, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ոստիկանության ենթակայության փոփոխություն, որ լինի կառավարության ենթակայության տակ, և քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային դաշտի ապահովում:

Տեսանյութեր

Լրահոս