Հողը կեղծիք չի ընդունում. Ինչպե՞ս է կառավարությունը խաբում գյուղացիներին

Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր պրոցեսները և քաղաքական մանիպուլյացիաները աստիճանաբար փորձ է արվում տարածել նաև տնտեսական համակարգի վրա: Սակայն, ի տարբերություն քաղաքական համակարգի, տնտեսական համակարգը մանիպուլյացիաներ չի ընդունում, և տնտեսագիտությունը ոչ թե էմոցիաների, այլ ճշգրիտ հաշվարկների գիտություն է: Ասվածի վառ օրինակը վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի եթերում հնչեցված գյուղացիներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրն էր: Վարչապետի կողմից այն ներկայացված է՝ որպես բացառիկ և հեղափոխական, մինչդեռ այդ ծրագրի անալոգային տարբերակը կիրառվում է դեռ շատ վաղուց։ Իսկ թե առաջարկվող ծրագիրը արդյո՞ք լավն է նախորդից, թե՞ ոչ, ուսումնասիրենք ստորև:

Նախ և առաջ ​հայտնի է, որ 2018թ.-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը՝ ըստ ներկայացրած պահանջի, հնարավորություն են ունեցել օգտվելու «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելիքի, պարարտանյութի և սերմերի ձեռքբերման»  նպատակով գործող ծրագրերից։ Ավելին, 2018թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման ծրագրից հնարավորություն են ունեցել օգտվել ոչ միայն ՀՀ մարզերի հողօգտագործողները, այլ նաև Արցախի Հանրապետության շահառուները:

ՀՀ կառավարությունը մի քանի տարի ՀՀ մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով գարու (օրինակ՝ 2018թ. գարնանացան գարու 1 կգ-ի գինը 130 դրամով), առվույտի, կորնգանի, հետագայում՝ ոլոռի, սիսեռի, եգիպտացորենի, ցորենի (օրինակ՝ 2018թ. ցորենի 1 կգ-ի գինը 150 դրամով) ձեռքբերման հնարավորություն է ընձեռել։ Այդ ժամանակահատվածում շուկայում գարնանացան գարին արժեր միջինը 180 դրամ, իսկ ցորենը՝ 200 դրամ։ 2018թ. դիզելային վառելիքը հողօգտագործողին հատկացվել է 1լ-ը 380 դրամով (շուկայում 1լ-ի գինը 480 դրամ էր), իսկ պարարտանյութը հատկացվել է՝ 50կգ-ը (1 պարկը) 7000 դրամով (շուկայում գինը 9000 դրամ էր)։

Գալով վարչապետի մատնանշած հեղափոխական ծրագրին, պետք է նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018թ.  սեպտեմբերի 14-ին որոշում է կայացրել փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին, որի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է ծախսել 182,2 մլն դրամ։ Ինչ վերաբերում է վերը նշված ծրագրերին, ապա որոշվել է դադարեցնել  հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի, պարարտանյութի և սերմերի ձեռքբերման  նպատակով գործող ծրագրերը։  Պետական աջակցության նոր ծրագիրը գործելու է միայն ՀՀ սահմանամերձ թվով 37 համայնքների շրջանակում։ Յուրաքանչյուր հեկտար հողատարածքի աշնանացան իրականացնելու համար պետությունը 60 հազար դրամ գումարի աջակցություն է ցուցաբերելու։

Համադրելով նախկին ու ներկա ծրագրերը, նախ պետք է փաստենք, որ կառավարության որոշումը նոր համարել չի կարելի, պարզապես որոշակի փոփոխության է ենթարկվել մոտեցումը, բայց այդօրինակ ծրագիր եղել է նաև նախկին իշխանությունների օրոք: Պետական բյուջեի կատարողականի վերլուծությունից պարզ է դառնում, որ միայն 2018թ. գարնանացանի համար սերմացուի ձեռքբերման բեռը պետական բյուջեից կազմել է շուրջ 746 մլն դրամ, դիզելային վառելիքի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 360 մլն դրամ, իսկ պարարտանյութինը՝ 304 մլն դրամ։

Ինչ վերաբերում է նախորդ և ներկա ծրագրերի բովանդակային տարբերություններին, ապա դրանք բնավ ի օգուտ վերջինիս չեն: Այսպես.

1. Սահմանափակվել է գյուղացիների մասնակցությունը: Եթե նախկինում գործող դիզելային վառելիքի, պարարտանյութի և սերմերի աջակցության ծրագրերից հնարավորություն են ունեցել օգտվել ՀՀ-ի բոլոր համայնքները, ապա նոր փոփոխությամբ շահառուների թիվն էականորեն կրճատվում է, որի արդյունքում յուրաքանչյուր հեկտարի համար տրվող 60 հազար դրամի աջակցությունից կարողանում են օգտվել միայն սահմանամերձ թվով 37 համայնքների մինչև 7 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողները։ Դրանից բացի, հացահատիկի մշակմամբ առավել հայտնի շրջանները սահմանամերձ գոտուց շատ հեռու են գտնվում և այս նոր փոփոխությամբ զրկված են այդ ծրագրին մասնակցելու հնարավորությունից: Իսկ սահմանամերձ գյուղերում առկա է բոլորովին այլ խնդիր, որին առնչվում ենք ամեն տարի: Հակառակորդի կողմից ցուցաբերված ակտիվությունը մշտապես խանգարում է գյուղացիներին կատարել գյուղատնտեսական աշխատանքներ, և գյուղացին հաճախ չի կարողանում հավաքել իր ցանած բերքը, և աջակցությունը ուղղել այստեղ, առանց սահմանապահ գյուղացուն անվտանգության երաշխիքներ տալու, պարզապես միամտություն է:

2. Նախկին ծրագրի դեպքում աջակցության ծավալներն ավելի մեծ էին: Համոզվելու համար նախկին ծրագրի ներկայի նկատմամբ ունեցած արդյունավետությունը, կատարենք պարզ հաշվարկ, օրինակ, 1 հեկտար ցորենի համար: Մեկ հեկտար ցանքատարածության համար, ըստ գյուղատնտեսական նորմատիվների, անհրաժեշտ է 280-330 կգ սերմացու, 30-35 լ դիզելային վառելիք և 300-350 կգ պարարտանյութ: Նախկինում գործող երեք ծրագրերից միաժամանակ օգտվելով՝ հողօգտագործողը մեկ հեկտարի համար սերմացուի, պարարտանյութի  և դիզելային վառելիքի  հաստատված նորմերի շրջանակում ծախսում էր ոչ ավել, քան 220 հազ. դրամ։

Նշված ապրանքները շուկայից ձեռք բերելու դեպքում ծախսը կկազմեր առնվազն 330 հազ. դրամ։ Այսինքն՝ մեկ հեկտարի շրջանակում հողօգտագործողը շահում էր առնվազն 110 հազ. դրամի չափով, իսկ պետության կողմից առաջարկվող այժմյան ծրագրով առաջարկվում է ընդամենը 60 հազար դրամ փոխհատուցում: Այսինքն, 1 հեկտար հացահատիկի մշակման դեպքում նախկին իշխանությունների ծրագիրը ներկայինից ավելի էֆեկտիվ էր  առնվազն 50 հազար դրամով:

Ամփոփելով վերոգրյալը, պետք է փաստենք, որ ներկայացված նոր տարբերակը ոչ այլ ինչ է, քան հերթական մանիպուլյացիան ու կեղծիքը, որ իբր նոր կառավարության ներկայացրած այս ծրագիրը նախորդներից լավն է ու ավելի օգտակար: Սակայն նման մեկնաբանություն անողները պետք է քաջ գիտակցեն, որ պարզօրինակ մանիպուլյացիաներով կարող են խաբել ֆեյսբուքյան լսարանին, սակայն չեն կարող խաբել իր քրտինքով երկիրը շենացնող ու ծաղկեցնող գյուղացուն, առավել ևս, չեն կարող խաբել այն մի կտոր հողին, որի վրա պետք է մշակվի հացահատիկը: Հողը կեղծիքներ չի ընդունում, և որքան էլ տարբեր լայվերով ասեն այս կամ այն սուտը, հողն իր պահանջներն է դնելու, և ամենաուշը բերքահավաքի ժամանակ բերքի տեսքով   գնահատելու է արված աշխատանքը,  և այդ գնահատականը լինելու է բերքի տեսքով՝ այլ ոչ թե լալքերի, հնչեցված կարծիքների կամ դրանից ոչ պակաս պաթետիկ մեկնաբանությունների:

 Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս