«Դա վերջնագիր էր, և այլ բանակցային փուլ չկար». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մանրամասն ներկայացրեց իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ու հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը և հայտարարեց, որ իր համար անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Ըստ նրա՝ քաղաքական ուժերի միջև համաձայնություն կար արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ մայիս-հունիսին, սակայն Փաշինյանը հայտարարել ու պնդել է, որ ընտրությունները կայանալու են դեկտեմբերին:

«Այսինքն՝ դա վերջնագիր էր, և այլ բանակցային փուլ չկար»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ կրկին հայտարարելով, որ իրենք դեկտեմբերի համար որևէ որոշում չեն կայացրել:

Նա գրեթե կրկնեց ՀՅԴ դիրքորոշումը, որ նորմալ բանակցային պրոցեսում բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու դեպքում, որ բոլորին ժամանակ տրվի հավասար պայմաններում պատրաստվելու ընտրություններին և առանց ցնցումների, առանց այլ խնդիրների, կլինի հուշագրի, թե այլ տեսքով, գնան արտահերթ ընտրությունների:

«Վստահեցնում եմ ձեզ՝ որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ ճանապարհային քարտեզով կարող ենք գնալ դեկտեմբեր, որովհետև դա բավականին վտանգավոր քայլ է, իր մեջ վտանգներ է պարունակում, հղի է բավականին վտանգներով, որը կարող է ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինի միահեծան Ազգային ժողով, և այս պարագայում չեմ կարծում, որ խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական թռիչքային քայլեր կատարող երկրում դա արդարացված կլինի: Մենք կարծում ենք, որ այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել ԱԺ-ում»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ հիշեցնելով, թե ինչպես էին իրենք նախապատրաստվում 2017թ. ընտրություններին, այդ թվում՝ աշխատելով միջազգային կառույցների հետ:

Այժմ էլ, ըստ նրա, անհրաժեշտ է, որ ԸՕ փոփոխություններից հետո քաղաքական ուժերին ժամկետ տրվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար:

Հարցին՝ եթե ժամկետների հետ կապված վարչապետը որևէ զիջման չգնա, բանակցությունների թեման փակվա՞ծ է այլ հարցերի շուրջ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ բանակցությունների թեման երբեք փակված չի, բայց դրված հիմքը պետք է շարունակական լինի: Նրա կարծիքով՝ ճիշտ ճանապարհ չի միանձնյա որոշում կայացնելը, պետք է հաշվի առնել մյուս ուժերի կարծիքը ևս, իսկ պնդելը, թե՝ վերջ, դեկտեմբերին գնում ենք ընտրությունների, բանակցություն չէ, այլ բանակցություն է կոմպրոմիսի գնալը, իսկ փոխզիջման բացակայությունն արդեն բանակցություն չէ: Նա դրական գնահատեց այսօր Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի սպասվող հանդիպումը:

Վ.Բաղդասարյանը չբացառեց, որ, եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, վարչապետի թեկնածու չի առաջադրվի, և նշեց, որ ինքը երաշխիք չի կարող տալ. «Իրավիճակի փոփոխության արդյունքում, բնականաբար, ես չէի կարող նման պատասխանատվություն վերցնել, որովհետև մեր քաղաքական ուժում այդ կարծիքները չէին համընկնում»:

Հարցին, եթե ընտրությունները կայանան դեկտեմբերին, ՀՀԿ-ն կմասնակցի՞ դրանց, խմբակցության ղեկավարը պատասխանեց. ««Եթե, եթե… «եթե»-ներով չենք շարժվում առաջ: Երբ կլինի քննարկում, դրա մասին որոշում կկայացնենք: Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ»:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ ոչ թե էյֆորիայի մթնոլորտում պետք է գնալ ընտրությունների, այլ կառավարության աշխատանքի գնահատականի առկայության պայմաններում, իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե ներդրողները սպասում են ընտրություններին, հերքեց  նրա խորհրդականը՝ ասելով, որ կայուն քաղաքական դաշտ է. «Մի իրավիճակի մեջ ենք, որ ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մեծ հարգանք ունենալով պարոն Փաշինյանի նկատմամբ, բայց սա այն պրոցեսը չէ, որ միանձնյա որոշում կայացվի: Պետք է քաղաքական ուժերը որոշում կայացնեն համաձայնեցված դաշտում: Պետք է որոշենք երկրի ապագա ճակատագիրն առաջիկա տարիներին»:

«Եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի՝ մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար, ոչ թե՝ մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար, եթե այդ կոնտեքստը փոխվի, բերվեն փաստարկները, թե ինչու գնալ դեկտեմբերին, հնարավոր է՝ նաև այդ բանակցային փուլում մենք գնանք համաձայնության»,-  հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս