Բաժիններ՝

gg-ն առաջարկում է կիսել ճանապարհը և վճարել 3 անգամ քիչ. ggShuttle

Հայկական gg ընկերությունն այս օրերին ընթացող «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է իր նոր պրոդուկտը: ggShuttle-ի միջոցով արդեն հնարավոր է նախապես պատվիրել մեքենա, այլ անձանց հետ կիսել ճանապարհը և վճարել 3 անգամ քիչ: Այս միջոցով կբարելավվի սպասարկման որակը, ընկերության գործընկեր վարորդները կունեան ավելի մեծ շահույթ, իսկ ուղևորները կվճարեն 3 անգամ քիչ:

gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ այս պրոդուկտի վրա իրենց ամբողջ թիմն աշխատել է 1-2 ամիս:

Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ օգտատերերը հաճախ բողոքում են, որ քաղաքում gg չկա: Սակայն, ըստ նրա՝ իրենց մեքենաների թիվն ավելացել է, սակայն դրան զուգահեռ՝ մեծացել է նաև պահանջարկը: Քաղաքում ազատ մեքենա չլինելու խնդիրը լուծելու համար էլ ստեղծվել է ggShuttle-ը: Նոր պրոդուտի միջոցով մեկ մեքենան կսպասարկի ոչ թե մեկ, այլ 6 անձի: Դրա համար պետք է նախապես պատվիրել մեքենան, ֆիքսել ժամը և կիսել ճանապարհը նույն եթևեկով գնացող ևս 5 մարդու հետ: Այս պարագայում ուղևորը վճարում է մշտական գումարից 3 անգամ քիչ, օրինակ՝ 600 դրամի փոխարեն՝ 200 դրամ, իսկ գործընկեր վարորդը 6 ուղևորի դեպքում կստանա 2 անգամ ավելի՝ 600 դրամի փոխարեն՝ 1200 դրամ: Այս միջոցով 6 մեքենայի փոխարեն ուղևորներին կսպասարկի 1 մեքենա, և կլուծվի պիկ ժամերին մեքենաների բացակայության հարցը:

Նախնական պատվերի դեպքում գործընկեր վարորդը ֆիքսված ժամին սպասելու է ուղևորներին կոնկրետ վայրում: Նույն վայրում պատվերների խտության ժամանակ խնդիրներ չլինելու համար նշվելու են պատվերի կետերը: Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ իրենք առաջիկայում գուցե դիմեն քաղաքապետարան այդ կետերը ստանալու համար: Եթե գործընկեր վարորդը չկարողանա կատարել նախնական պատվերը, ապա լինելու է փոխարինող վարորդ, ով իրականացնելու է պատվերը:

Կարդացեք նաև

Խաչատուր Գրիգորյանը նշում է, որ այժմ իրենք իրականացնում են պատվերները 6 տեղանոց մեքենաներով, բայց մոտ ապագայում չի բացառվում նաև, որ 6 տեղանոց մեքենաներին կարող են փոխարինել մեծ ավտոբուսները:

Խաչատուր Գրիգորյանը նշում է նաև, որ իրենց նոր պրոդուկտը գալիս է փոխելու հասարակական տրանսպորտի որակի մակարդակը:

gg-ի նոր պրոդուկտն արդեն իսկ հասանելի է iOS և Android համակարգերով՝ բետա տարբերակով։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս