Էջմիածնում քաղաքապետի առաջիկա ընտրություններով ոգևորված չեն՝ առաջադրված թեկնածուների մեծ մասին չեն ճանաչում
Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում տեղի կունենան քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն թվով 14 թեկնածուներ, որոնցից միայն երկուսն են կին՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը և առաջադրված մեկ այլ թեկնածու։
Մինչ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-19-ը, 168.am-ը շրջեց Էջմիածին քաղաքում և էջմիածինցիներից փորձեց ճշտել, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից, թեկնածուներին որքանո՞վ են ճանաչում և վերջին չորս ամիսների ընթացքում, երբ քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Դիանա Գասպարյանը, ի՞նչ փոփոխություններ են նկատում քաղաքում։
Տեսախցիկից այն կողմ բոլորը ցանկանում էին խոսել, իսկ տեսախցիկի առաջ խուսափում էին խոսել. ասում էին, թե ամեն ինչ լավ է, սակայն չեն ցանկանում խոսել և հայտնվել «տելեվիզորի» և «կոմպյուտերների» մեջ։
Զարմանալիորեն տեսախցիկից ամենաշատը խուսափում էին երիտասարդները և կանայք, նշելով՝ ո՛չ լավի, ո՛չ էլ վատի մասին չեն խոսի, քանի որ դրանից իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։
Իսկ երբ շրջեցինք Էջմիածնի շուկայում, առևտրով զբաղվողների մեծ մասը նշեց, որ իրենց համար բոլորովին մեկ է, թե ով կդառնա քաղաքապետ, կարևորը՝ աշխատանք լինի, աշխատեն և զբաղվեն իրենց առևտրով։ Ըստ նրանց, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը երիտասարդ է, և հույս ունեն, որ կկարողանա լավ քաղաքապետ լինել, սակայն նրա պաշտոնավարումից ի վեր որևէ փոփոխություն չեն նկատել։
«Մենք չգիտենք, եթե Դիանա Գասպարյանը դառնա քաղաքապետ՝ ինչ քաղաքապետ կլինի, իրականում նրանից սպասելիքներ չունենք, նա քաղաքական պրակտիկա չունի։ Ես հին Էջմիածինցի եմ, բոլորին ճանաչում եմ, բայց 14 թեկնածուներից և ոչ մեկին չեմ ճանաչում»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Պետրոսյանը և նկատեց, որ Էջմիածնում իրեն շատ ավելի լավ գիտեն, քան քաղաքապետի թեկնածուներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան