«Փոխանակ իրենք փայփայեն Փաշինյանին, որ կարողանան հանգիստ քաղաքի փողոցներով քայլել, հակառակն են անում». Ստեփան Գրիգորյան

«Չեմ հավատում հանրապետականներին, չեմ հավատում, որ կհամաձայնեն՝ մայիսին կամ այլ ամսի լինեն ընտրությունները։ ՀՀԿ ներկայացուցիչները պառլամենտում, հայտնի դեմքերն ամեն օր զրպարտում են Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականներն իրենց պատգամավորական կառույցներն օգտագործում են՝ միջազգային կառույցներում ստեղծելով սխալ տպավորություն և՛ հեղափոխության, և՛ այսօրվա իշխանությունների, և՛ ժողովրդի մասին.

«Իրենք ասում են՝ ժողովուրդը մեզ սպառնում է. կներեք, մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պատգամավոր լինելը, դա լուրջ վտանգ է հայ ժողովրդի համար։ Պատգամավորը միայն օրենք գրողը չէ, մարդն է, որն ընտրված է ժողովրդի կողմից և պարտավոր է հանդիպել ժողովրդի հետ։ Նրանք չեն ուզում կատարել իրենց ֆունկցիան, ասում են՝ վատ ժողովուրդ է, չենք հանդիպի նրա հետ, դա է վտանգը։ Շատերը գիտեն, թե մեր խնդիրն Արցախի կամ Ցեղասպանության չճանաչման հարցն է, բայց մեր խնդիրն այն է, որ քաղաքական էլիտան, որն այսօր մեծամասնություն է պառլամենտում, անորակ է»։

ՀՀԿ-ականները, ըստ նրա՝ կառչել են իրենց աթոռից, չեն ցուցաբերում պետականամետություն. «Եթե իրենք քաղաքական քայլեր անեին, պայքարեին, ես կհասկանայի, բայց բոլոր քայլերը սադրանքներ են։ Իրենք օգտվում են նրանից, որ Փաշինյանը տանում է փափուկ քաղաքականություն, հենց դրա համար հարգում եմ Փաշինյանին, բայց պետք է մտածենք՝ ինչ անել։ Կտրականապես դեմ եմ, որ Փաշինյանը հրաժարական տա, չեմ հավատում ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն մեր վզին փաթաթեց պառլամենտական համակարգը, ու ստացվում է, որ մենք հիմա պետք է հարգենք այդ խաղի կանոնները։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա հարգել. դուք գիտեք՝ պառլամենտական համակարգում վարչապետն իրավունք ունի արձակել խորհրդարանը։ Բայց տեսեք՝ ոնց են դա օգտագործում հանրապետականները, ասում են՝ նա գիտի, որ շատ ձայներ ունի, դրա համար արձակում է. այո, դա տրամաբանությունն է այն համակարգի, որը դուք փաթաթեցիք մեր վզին։ Պառլամենտական համակարգը հայ ժողովրդի համար չէ, քանի որ մեր հասարակությունն այլ ձևի է, մենք չունենք զարգացած բազմակուսակցականություն»։

Նա նշեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ապա ԱԺ շենքի մոտ հավաքված բազմությունը զրույց կունենար հանրապետականների հետ. «Փոխանակ իրենք փայփայեն Փաշինյանին, որ կարողանան հանգիստ քաղաքի փողոցներով քայլել, հակառակն են անում»։

Տեսանյութեր

Լրահոս