Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան չի վախենում ԵՄ-ից դուրս գալ առանց համագործակցության համաձայնագրի. Մեյ

Մեծ Բրիտանիան չի վախենում ԵՄ-ից դուրս գալ առանց հետագա համագործակցության համաձայնագրի: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ հոկտեմբերի 3-ին Բիրմինգհեմում ելույթ ունենալով կառավարող Պահպանողական կուսակցության համագումարի փակմանը:

Նրա խոսքով՝ բրիտանական կառավարությունը պետք է հարգի հանրաքվեի արդյունքները, ինչպես նաեւ լավ հարաբերություններ պահպանի Եվրամիության հետ: Դրա հետ մեկտեղ Մեյն ասել է, թե պատրաստ չէ ընդունել Brexit-ի շուրջ Բրյուսելի հետ համաձայնեցված ցանկացած տարբերակ:« Մեծ Բրիտանիան չի վախենում, եթե հարկ լինի դուրս գալ առանց համաձայնագրի»,- հավելել է վարչապետը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք էիրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս