Կյանքի 73-րդ տարում մահացել է The Beatles-ի հետ աշխատած հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը, որն աշխատել է The Beatles ռոք-խմբի ձայնագրությունների վրա: Այդ մասին հայտնել է Billboard հանդեսը:
Ինչպես գրում է հրատարակությունը, Էմերիքի մահվան պատճառը դարձել է սրտի տագնապը: Նրա մենեջեր Ուիլյամ Զաբալեթայի խոսքով՝ հնչյունային ռեժիսորը երկար ժամանակ տառապում էր սրտի հետ կապված խնդիրներից եւ կարդիոխթանիչ էր կրում:
Հոկտեմբերի 6-ին Էմերիքը ամերիկյան Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ) պետք է հանդես գար Emerick՚s London Revival խորագրով շոուով, որտեղ նա պետք է հանդիսականներին պատմեր լիվերպուլյան քառյակի հետ իր աշխատանքի մասին:
The Guardian բրիտանական թերթի տվյալներով՝ 1960-ական թվականների սկզբին, երբ Էմերիքը 15 տարեկան էր, նա իր կարիերան սկսեց EMI ձայնագրող ընկերությունում: The Beatles-ի հետ նրա առաջին հանդիպումը կայացավ 1963 թվականին: Երեք տարի անց նա մասնակցեց նրանց Revolver ալբոմի վրա աշխատանքին, որը լույս տեսավ 1966 թվականի օգոստոսին:
Ինչպես նշում Է Billboard-ը, հնչյունային ռեժիսորն աշխատել Է Sgt. Pepper”s Lonely Hearts Club Band (1967), Magical Mystery Tour (1967), The Beatles (հայտնի է նաեւ որպես The White Album) (1968) եւ Abbey Road (1969) սկավառակների վրա: Իր կարիերայի ընթացքում Էմերիքը դարձել է «Գրեմմի» չորս մրցանակների դափնեկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: