
Օրակարգում ԵՄ-ի ընդլայնման հարց չկա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրամիության հետագա ընդլայնման հարցը ներկայում ակտուալ չէ հանրակցության համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը La Depeche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 3-ին:
«Այսօր դա օրակարգում չէ»,-ասել էնախարարը՝ պատասխանելով ԵՄ-ի «հնարավոր ընդլայնման» վերաբերյալ հարցին: Լե Դրիանի խոսքով՝ Եվրամիությունն այս փուլում մտադիր է համագործակցության նախագծեր իրացնել ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրների հետ՝ առանց միության կազմում նրանց անմիջական ինտեգրացման:
«Գործընկերություն գոյություն ունի որոշակի թվով երկրների հետ, որոնք երբեւիցե կարող են միանալ Եվրամիությանը: Յուրաքանչյուրն իր տեմպն ունի»,-նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ներկայում Եվրամիությունը միավորում է 28 երկրների: 2019 թվականի մարտին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրանց թիվը կդառնա 27: ԵՄ-ի անդամակցության թեկնածուների կարգավիճակ պաշտոնապես ունեն Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան եւ Չեռնոգորիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: