Իրանը ողջունել է Սալեհի՝ Իրաքի նախագահ ընտրվելը
Թեհրանը ողջունում է Բարհամ Սալեհին Իրաքի նախագահ ընտրելը եւ այդ երկրի հետ համագործակցության խորացման հույս ունի: Այդ մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարության մեջ, որը հրապարակված է գերատեսչության կայքում:
Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին կայացած նիստում նախագահ է ընտրել Իրաքյան Քրդստանի կառավարության նախկին ղեկավար Բարհամ Սալեհին: Քասեմին շնորհավորել է Սալեհին ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնելով հասնել տնտեսական բարգավաճման, երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման, նաեւ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման:
Երկրի նախագահի պաշտոնի համար Բարհամ Սալեհի թեկնածությունն առաջադրել էր «Քրդստանի հայրենասիրական միություն» (ՔՀՄ) կուսակցությունը՝ Իրաքի քրդական ինքնավար շրջանի քաղաքական առաջատար շարժումներից մեկը: 2009-ից մինչեւ 2012 թվականը Սալեհն զբաղեցրել է Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: