«Դարձյալ թողնում եմ մարզպետի պաշտոնը». Աշոտ Սիմոնյան
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ
Պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը:
Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև Երկրիս զարգացման համար:
Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու:
Կարծում եմ, որ հաջողել եմ, և դրա վկայությունը նաև այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:
Ուրախ եմ, որ դեռևս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաև հասարակության կամքը:
Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ և աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների և գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:
Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով:
Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:
Խաղաղություն Երկրիս, և Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա:
Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ Պայմանավորված վերջին ներքաղաքական…
Gepostet von Ashot Simonyan am Mittwoch, 3. Oktober 2018