Բաժիններ՝

Փեսայի հարազատները հարձակվել են հարսի հոր վրա, հարվածել. դանակահարություն՝ հարսանյաց հանդեսի ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1981 թվականին:

Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով նախաքննությունն իրականցվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Նույն օրը՝ ժամը 19:20-ին «Աստղիկ բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի վնասվածք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքն ստացել է 27.09.2018 թվականին` ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս հայտնել է, որ 2018թ. սեպտեմբերի 27-ին ռեստորանային համալիրում տեղի է ունեցել դստեր հարսանիքը, որի ժամանակ ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ հաղորդման՝ փեսայի հարազատները հարձակվել են իր վրա, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ ինքը, սեղանի վրայից վերցնելով դանակ, մեկ անգամ հարվածել է իրեն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնող 37-ամյա տղամարդու ձախ կողային հատվածին:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ: Իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Հարցաքննվել են խնջույքի մասնակիցները:

37-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս