Ինդոնեզիայում երկրաշարժից ու ցունամիից հետո սկսել է ժայթքել հրաբուխը
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ի առավոտյան սկսել է ժայթքել Սոպուտան հրաբուխը, կղզի, որտեղ անցած շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավելի քան 1,4 հազար մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Իշխանություններն առայժմ տարհանում չեն հայտարարել, սակայն բարձրացրել են վտանգի մակարդակը հրաբխի հարակից շրջաններում, տեղի բնակիչներին հանձնարարված է խուսափել այդ գոտուց: Ինքնաթիռների անձնակազմերին նախազգուշացրել են հրաբխից մոխրի արտանետման սպառնալիքի մասին: Սոպուտանից վեր բարձրացող մոխրի սյունը հասնում է վեց մետրի:
Սոպուտան հրաբուխը գտնվում է Սուլավեսի կղզու հյուսիսարեւելյան վերջավորությունում: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է երեք-հինգ մետրի: Տուժել են հարյուրավոր բնակիչներ:
Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 60 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղի ավելի քան 200 հազար բնակիչներ շտապ օգնության կարիք ունեն: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հոկտեմբերի 3-ին կրկին այցելել է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի:
Ինչպես ասված է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, Վիդոդոն եղել է փախստականների ճամբարում եւ վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Նա նաեւ ընդգծել է «տարածքների ամբողջական հետազոտման եւ Սուլավեսիի նահանգի տուժած շրջաններում բոլոր զոհերի հայտնաբերման անհրաժեշտությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: