
Ֆրանսիայի նախագահն ընդունել է ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ի երեկոյան ընդունել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հրաժարականը:
Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, պետության ղեկավարը վարչապետ Էդուար Ֆիլիպին հանձնարարել է ժամանակավորապես կատարել ՆԳ նախարարության ղեկավարի պարտականությունները:
Նախագահի որոշումը վերջ է դրել այն անորոշ վիճակին, որն ստեղծվել էր պաշտոնաթողության վերաբերյալ Կոլոնի կրկնական հայտարարությունից հետո: Նրա առաջին խնդրագիրը նախօրյակին մերժվել էր պետության ղեկավարի կողմից: Կառավարությունից իր հեռանալը Կոլոնը բացատրել է Լիոնի քաղաքագլխի պաշտոնին վերադառնալու մտադրությամբ, որը նա զբաղեցնում էր նախքան նախարարների կաբինետ հրավիրվելը:
Ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Լիոնի ներկայիս քաղաքագլուխը՝ Ջորջ Քեփենեկյանը, արդեն պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել տարածաշրջանի պրեֆեկտին: Հենց որ այն բավարարվի պրեֆեկտի կողմից, Լիոնի մունիցիպալ խորհուրդը երկու շաբաթվա ընթացքում կընտրի քաղաքի նոր ղեկավարին, որը, ամենայն հավանակնությամբ, կդառնա Կոլոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: