Կանադայում հարյուրավոր վթարներ են գրանցվել ռեկորդային ձնատեղման պատճառով
Կանադայի Ալբերտայի նահանգի Քալգարի քաղաքում շուրջ 270 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել հոկտեմբերի 2-ին երկրի այս արեւմտյան տարածաշրջանում ձյան ռեկորդային տեղումների պատճառով: Այս մասին հայտնել է Calgary Herald թերթը:
Տեղի ոստիկանության տեղեկատվությամբ՝ քաղաքում տեղի է ունեցել 267 վթար, որոնց հետեւանքով տուժել է 17 մարդ: Զոհվածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Ինչպես հայտնել է Կանադայի Ազգային օդերեւութաբանական բյուրոն, հոկտեմբերի 2-ին Ալբերտայի հարավարեւմտյան մասում արդեն 30 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը հոկտեմբեր ամսվա բացարձակ ռեկորդ է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնց վերաբերյալ հաշվետվությունը, ճշտված տվյալներով, հրապարակվում է 1881, այլ ոչ թե 1884 թվականից, ինչպես նախապես հաղորդվել էր:
Մինչ այդ ձյան ամենաուժգին տեղումներն այստեղ եղել են 1914 թվականի հոկտեմբերի 4-ին. այն ժամանակ ձնակույտերի բարձրությունը հասել էր 29,7 սանտիմետրի: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ ձյան տեղումները կդադարեն հոկտեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: