
ՄԱԿ-ն անվերապահորեն աջակցելու է ՀՀ քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր ԱԺ ձևավորելու իրավունքն իրացնելու հարցում

Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: Այս մասին ասված է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարության մեջ:
«Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք:
Տեղեկացնում եմ նաև, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: «Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Ուստի, վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք և Դուք… Արդարություն և խաղաղություն մեր Երկրին»,- ասված է հաղորդագրության մեջ: