Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 1,4 հազարի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, եւս 113 մարդ անհայտ կորած է համարվում: Ինչպես հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը, այս տվյալները հոկտեմբերի 3-ին հրապարակել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ղեկավար Վիլեմ Ռամպագիլեյը։
Նա նաեւ նշել է, որ, ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղի ավելի քան 200 հազար բնակիչներ շտապ օգնության կարիք ունեն: Գործակալությունում ասել են, որ տարերային աղետից առավել տուժած Կենտրոնական Սուլավեսիի նահանգի չորս շրջանների բնակչությունը գերազանցումէ 1,4 միլիոնը: Ընդ որում փրկարարները մինչ այժմ չեն կարողացել հասնել առանձին վայրեր: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հոկտեմբերի 3-ին կրկին այցելել է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի:
Ինչպես ասված է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, Վիդոդոն եղել է փախստականների ճամբարում եւ վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Նա նաեւ ընդգծել է «տարածքների ամբողջական հետազոտման եւ Սուլավեսիի նահանգի տուժած շրջաններում բոլոր զոհերի հայտնաբերման անհրաժեշտությունը»:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է երեք-հինգ մետրի: Տուժել են հարյուրավոր բնակիչներ: Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 60 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: