Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել հոր սպանության համար. նա կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ՝ ստեղծվել քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ քննիչ:
Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են որդու կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: