«Երկիր Ծիրանիի» նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արժանապատիվ Հայաստան»։
«Հրապարակի» հետ զրույցում նա նշեց, որ նոր քաղաքական ուժ ստեղծելու շարժառիթն այն է եղել, որ իրենք իրենց գիտելիքները եւ հնարավորությունները կարողանան ներդնել երկրի զարգացման գործում, շատ խնդիրներ կան, որոնք պահանջում են քաղաքական լուծում, ուստի իրենք շատ բան ունեն անելու այդ դաշտում։
«Մենք՝ մեր թիմով, հասկացանք, որ շատ բան ունենք անելու քաղաքականության մեջ, եւ մենք պարտավոր ենք մեր հնարավորություններն ու գիտելիքները ներդնել մեր երկրի զարգացման գործում։ Այդ պատճառով որոշեցինք մեր քաղաքական գործունեությունը չընդհատել եւ հասկացանք ու ըմբռնեցինք, որ քաղաքական ոլորտում շատ բան ունենք անելու, որովհետեւ շատ խնդիրներ, որոնք այսօր առկա են մեր հանրապետությունում՝ բոլոր ոլորտներում, կարող են ունենալ միայն քաղաքական լուծում՝ համակարգային փոփոխությունների միջոցով։
Այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել նոր քաղաքական ուժ՝ նոր քաղաքական կուսակցություն։ Մեր կուսակցությունը ղեկավարվելու է կոլեգիալ հիմունքներով, այսինքն՝ գործելու է համաժողով, բնականաբար, կոլեգիան կունենա նաեւ համակարգող նախագահ, ով եւ ընտրվելու է համաժողովի անդամների կողմից։ Կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունն էլ կրկին եղել է մեր թիմի կողմից»,- ասաց Մարինա Խաչատրյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: