
Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ

Սեպտեմբեր 24-ին ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին` Էմիր Ալ Սաբահը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը և ակտիվ համագործակցությունը: Քուվեյթի առաջնորդը բարձր գնահատեց դեսպան Բադեյանի ջանքերը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հավաստեց Քուվեյթի Պետությանը և Էմիր Սաբահ Ալ Սաբահին` դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության և սերտ փոխգործակցության, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար: