«Դերասանները բոլոր երկրներում են սոված». Արթուր Ղուկասյան
Թատերական իսկական տոն՝ մայրաքաղաքի սրտում: Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 28-ին կտրվի «Հայ Ֆեստ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը: Ռուսաստանից՝ Բրազիլիա, Լեհաստանից՝ ԱՄՆ, Իսպանիայից՝ Ղրղզստան. մշակութային տոնն այս տարի ևս ինքնատիպ ներկայացումներով բավարարելու է նույնիսկ ամենաքմահաճ հանդիսատեսի թատերական պահանջմունքները:
«Արմենպրես»-ը փառատոնի, թատերական դաշտի խնդիրների, հետաքրքիր գաղափարների պակասի մասին զրուցել է «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի հետ:
16-րդ «Հայ Ֆեստ»-ը
Այս տարի «Հայ Ֆեստ»-ը կտևի ութ օր, պարզապես մի փոքր տարբերվում է նախորդ տարիների փառատոններից: Այն կտևի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: Աշունը մայրաքաղաքում գերհագեցած է միջոցառումներով, ուստի հիմնական ներկայացումները կցուցադրվեն հոկտեմբերի 1-5-ը: Մեկական ներկայացումներ կլինեն նաև սեպտեմբերի 28-30-ը, քանի որ Լեհաստանի թատրոնին ժամանակային առումով այդպես է հարմար եղել:
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում: Կներկայացվի «Յանկա Ռուդզկայի նախագիծը: Պոլիֆոնիաներ» ներկայացումը (Լեհաստան, Բրազիլիա, Հայաստան, Վրաստան), որը ներառում է ժամանակակից պարեր. շատ հետաքրքիր է: Մենք մշտապես փորձում ենք փառատոնի մեկնարկը տալ տարբեր տեսակի ներկայացումներով:
Մասնակից այլ երկրներ
Փառատոնին մասնակցում են թատրոններ Լեհաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Ճապոնիայից, Էստոնիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:
Իմ կարծիքով՝ «Հայ Ֆեստ»-ի բոլոր ներկայացումները հետաքրքիր են: Բայց այս տարի ևս կան նաև որոշ կարևոր, դիտարժան ներկայացումներ: Օրինակ, Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ հատուկ ծրագիր ենք անում «Հայ Ֆեստ»-ի շրջանակում: Հոկտեմբերի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի Երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացնելու է «Բրոդվեյան հիթեր» մյուզիքլը: Թատրոնը համադրել է Բրոդվեյի տարբեր հիթերն ու արել համերգ-ներկայացում, որը մեծ հաջողություն ունի բոլոր երկրներում: Ներկայացում է, որը բոլորը սիրում են, մեյնսթրիմ է:
Այս տարի ունենք նաև հետաքրքիր գերմանական ներկայացում, որի վրա աշխատել է աշխարհի 10 թոփ խորեոգրաֆներից մեկը՝ Վիլյամ Ֆորսայթը: Կոչվում է «Մամացցա», այն ներկայացնելու է «Ֆաբրիս Մազլիահ» թատերախումբը: Շատ հետաքրքիր ներկայացում ունենք Ղրղզստանից, իրենք 10 տարի առաջ ևս մասնակցել են փառատոնին. «Երևակայության պատկերասրահ» ներկայացմամբ հանդես կգա «ՄԵՍՏՈ Դ» թատերախումբը: Շատ հետաքրքիր ներկայացումներ կան Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից և այլն: Այսինքն` ցանկացած մարդ կգտնի իր ճաշակին համապատասխան ներկայացում:
«Հայ Ֆեստ»-ը` հաջողության ճանապարհին
«Հայ Ֆեստ»-ը հիմնադրելիս համոզված էի, որ այն հաջողություն կունենա: Երբ սովորում և պրակտիկա էի անցնում Միացյալ Թագավորությունում, առաջացավ փառատոն ստեղծելու միտքը: Ցանկությունն էր ունենալ Հայաստանում թիվ մեկ թատերական փառատոն: Իհարկե, «Հայ Ֆեստ»-ը չի կարող լինել աշխարհի համար մեկ փառատոնը: Հայաստանը՝ որպես երկիր, չունի բավարար ռեսուրսներ դրա համար: Թիվ 1-ի տիտղոսի համար մրցում են Էդինբուրգի, Ավինյոնի փառատոնները, «Զալցֆեստը» և այլ փառատոններ, որոնք բացառիկ բյուջեներ ունեն: Մեզ պետք են ճիշտ գաղափարներ, մենեջմենթ, ստեղծագործողներ, հանդիսատես: Հայաստանում չունենք այդ ռեսուրսը: Բայց մենք կարողացանք առաջին տարիներին շեշտակի թռիչք ունենալ: 2006 թվականից «Հայ Ֆեստ»-ը մոսկովյանից հետո երկրորդ գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում:
Մենք չունենք ռեսուրս, որպեսզի շարունակենք մեր սրընթաց զարգացումը: Ի՞նչ է պետք: Իհարկե, փող: Երբ փառատոնը հիմնադրվում էր, Հայաստանում բեմեր չկային, չունեինք սարքավորումներ: Հիմա մենք գերհագեցած դահլիճներ ունենք, հանդիսատես, ով արդեն գիտի ներկայացումների մասին: Դաստիարակվել է հանդիսատես, որը հասկանում է, թե ինչ է ժամանակակից թատրոնը:
Կադրերի խնդիր միշտ կա: Եվ ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը: Բայց փորձում ենք անել հնարավոր առավելագույնը:
Թատերական դաշտի գլխավոր դաշտի խնդիրները
Մարդիկ սխալ տեղերում են: Տնօրենները, գեղարվեստական ղեկավարները ճիշտ տեղերում չեն: Բացի դրանից, մեզ մոտ գաղափարների խնդիր կա: Հայաստանում ունենք 36 թատրոն: Մի մասը լավն են, կան, որոնք ընդհանրապես «դեն գցելու» են: Կան նաև միջին որակի թատրոններ: Բոլոր երկրներում է նույն վիճակը: Բայց քանի որ մեր երկիրը փոքր է, ամեն ինչ շատ ցայտուն է երևում:
Խնդիր է այն, որ, օրինակ, խաղացանկային ներկայացում են բեմադրում, ասում են. «Դե, այս մարդուն 5 տարի գլխավոր դեր չենք տվել, պետք է տանք»: Կամ էլ ասում են. «Դե, ինքը վաստակավոր դերասան է, չի կարող ցածր դեր տանել»: Ստանիսլավսկին ասում է. «Փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ»: Խնդիր է, իհարկե, որ գումար չկա: Բայց չի կարելի միշտ այս առումով մեղադրել մշակույթի նախարարությանն ու կառավարությանը: Դա ամենահեշտն է:
Գաղափարներն են քիչ: Մյուս կողմից` դերասանները պետք է ավելի ճկուն լինեն, անգլերեն, ռուսերեն լավ խոսել սովորեն միջազգային ասպարեզ դուրս գալու համար: Դերասանները բոլոր երկրներում են սոված: Բայց արտերկրում պարել չկարողացող, երաժշտական լսողություն չունեցող դերասան չկա: Նրանք պարզապես չեն ավարտում բուհը: Իսկ մեզ մոտ ամեն ինչ այլ է:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան