«Ժողովրդավարական հասարակության մեջ դա իրականում մեծ մարտահրավեր է, որովհետև ատելության խոսքը կարող է սպանել հանրային երկխոսությունը». Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համեմատությանն ու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ատելության մթնոլորտի էսկալացիային:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից լսել ենք համեմատություններ, երբ նա, օրինակ, «Կոմերսանտի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին համեմատեց Ուգո Չավեսի հետ, և ինքը կարծում է, որ, օրինակ, ռուսաստանցիները ուշադրությամբ են լսում, թե ինչ է ասում Հայաստանի երկրորդ նախագահը: Բայց ի՞նչ եք դուք ինքներդ կարծում: Կարծում եք, որ դա ճի՞շտ ձևակերպում է, թե՞ դուք այլ մոտեցում ունեք, դեսպանը պատասխանել է.
«Ես խուսափում եմ համեմատություններից: Իհարկե, ես կարծում եմ, որ մարդիկ կարող են սեփական կարծիք ունենալ, անգամ, եթե դա խիստ քննադատական է, և դա, կարծում եմ, ազատ հասարակության բնույթն է, և մարդիկ պետք է և կարող են ունենալ քննադատող տեսակետներ: Դու երբեք 100 տոկոս կոնսենսուս, փոխհամաձայնություն չես կարող ունենալ, և դժվար է ասել:
Մենք, իհարկե, պետք է հարգենք մարդկանց` սեփական կարծիք ունենալու իրավունքը: Սակայն ես չեմ կարծում, որ նման համեմատությունները, անկախ այն բանից, թե ով է այն մարդը, ով դրանք ասում է, և որքանով նրա խոսքը բարձր կշիռ ունի, շատ օգտակար են: Որովհետև վայրերը տարբեր են, իրադրությունները տարբեր են, մարդիկ տարբեր են: Իմ կարծիքով` Հայաստանի համար շատ ավելի կարևոր է առաջ մղել հեղափոխության այդ դրական ակնկալիքները, հեղափոխության արժեքները և այն նոր էներգիան, որ մարդկանց մտածողության մեջ փոփոխություն բերեց: Ինչպես հիշում եք, երբ ամիսներ առաջ մենք խոսեցինք, ես ասացի, որ սա մտածողության հեղափոխություն է, և այժմ մենք տեսնում ենք, որ հայաստանցիների մտածողությունը փոխվել է: Պետք է հասկանանք, թե ինչպես դա վերածենք ուժեղ հաստատությունների, ուժեղ օրենքների և գործունեության ձևի, որպեսզի դա իր հետևից բերի նոր զարգացումներ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հետևում է Երևանի ավագանու ընտրությունների զարգացումներին, քարոզարշավին, և ինչպե՞ս կգնահատի այն, վերջինս ասել է, որ, իհարկե, իրենք հետևում են Հայաստանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: «Երևանի ընտրությունները, անշուշտ, համապետական ընտրություններ չեն, և թերևս դեռևս չափազանց վաղ է դրանց հիման վրա չափից դուրս մեծ եզրակացություններ անել: Մանավանդ պետք է հասկանանք, որ այս ընտրություններն անցկացվում են նախկին Ընտրական օրենսգրքի հիման վրա, և այժմ աշխատանքներ են տարվում նոր Ընտրական օրենսգրքի ձևավորման ուղղությամբ, որը համապետական ընտրություններին ընդառաջ ամեն ինչ կդնի իր տեղը: Սակայն կարևոր բանն այն է, որ իրենք հավատում են, որ այս ընտրությունների հետ կապված` կան բոլոր նախանշանները, որ կարող են անցկացվել ժողովրդավարական և ազատ ընտրություններ:
Շարունակելով թեման, թե արդյոք պարոն դեսպանը հետևո՞ւմ է կուսակցությունների միջև այս վերջին բանավեճերին, զարգացումներին, վերջինս նշել է.
«Գիտե՞ք ինչ, ամեն ինչ հարաբերական է: Այո, այն շատ զգացմունքային է անցնում, լարված: Մենք տեսնում ենք՝ որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի լարվում են կրքերը, թեժանում, և բառերի պատերազմներ են ընթանում, ինչը իրականում ժողովրդավարության նախանշաններից մեկն է: Իհարկե, մենք մի փոքր անհանգիստ ենք սոցիալական ցանցերում չափից դուրս շատ ատելության խոսքի և վիրավորանքի կապակցությամբ, սակայն եվրոպական բոլոր հասարակություններում էլ այսպես է, և մարդիկ սոցցանցերում շատ ակտիվ են: Այո, նույնիսկ Եվրամիությունում երևի ավելի վատ էլ է: Ես չէի ուզենա այստեղ ռեյտինգներ սահմանել, թե ով է լավ, ով է ավելի վատ, սակայն ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այդ ուղղության մեջ է»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը տեսնում է որևէ կենտրոնացված ջանքեր, որ որևէ ուժի կողմից այս ատելության խոսքն ուղղվի սրա կամ նրա դեմ, Պյոտր Սվիտալսկին նշել է, որ իր կարծիքով՝ պետք է երկխոսություն լինի, պետք է լինի ընդհանուր դեբատ, որին բոլորը կմասնակցեն, և այդտեղ պետք է արծարծվեն բոլոր հարցերը, թե ինչպես պետք է վարվել՝ ատելության խոսքի հետ կապված, հատկապես՝ համացանցում: Եվրոպական միության տարբեր երկրներում նման քննարկումներ վարվել են, ինչ-որ ջանքեր գործադրվել են, օրինակ, օրենքի մակարդակում այս հարցը լուծելու համար:
«Ես չեմ ուզում այժմ այլ մանրամասների մեջ մտնել, որովհետև կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է իր սեփական որոշմանը հանգի: Սակայն եկեք հասկանանք, որ ժողովրդավարական հասարակության մեջ դա իրականում մեծ մարտահրավեր է, որովհետև ատելության խոսքը կարող է սպանել հանրային երկխոսությունը, և նման ատելության խոսքը կարող է մի իրավիճակի հանգեցնել, երբ շատ լավ մարդիկ պարզապես կխուսափեն մտնել քաղաքականություն` իմանալով, որ այսպիսի վիճակ է: Որովհետև կան մարդիկ, որոնք կգերադասեն ապրել ազատ, քան թե դառնալ բոլորի ատելության թիրախը»,- ասել է դեսպանը:
Այն հարցին, թե նախկինում եղել են պնդումներ, որ գոնե եղել են որոշակի պետական գործակալություններ, ովքեր ջանքեր են գործադրել, սոցիալական ցանցերում ներկա են եղել և նույնիսկ իշխանությունների կողմից վճարվել են ինչ-որ հրապարակումներ, փոստեր անելու համար, և արդյոք դեսպանն այժմ նման բան նկատո՞ւմ է թե՞ ոչ, Սվիտալսկին պատասխանել է.
«Ես հետաքննություն չեմ վարել և չեմ կարող պատասխանել: Ես գիտեմ, որ այլ երկրներում գործադրվել են այդպիսի ջանքեր՝ այլ ընդդիմադիր թեկնածուների դեմ կեղծ հաշվեհամարներից, ֆեյքերից ինչ-որ կենտրոնացված հարձակումներ կազմակերպելու համար: Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ չկա իդեալական լուծում, պարզապես պետք է ինչ-որ մի բան անել: Իհարկե, ակնհայտ է, որ բուն իշխանությունները որևէ դեպքում, որևէ պարագայում չպետք է նման գործունեության մեջ ներգրավվեն, նրանք չպետք է դառնան այդ ատելության խոսքի մասը»: