
Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը: Այս մասին հայտնել է Հայ դատի եվրոպական գրասենյակը:
Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի վերաքննիչ դատարան հայց էր ներկայացրել ֆրանսիացի երկու լրագրողների նկատմամբ, որով լրագրողները մեղադրվում էին զրպարտության մեջ:
Ֆրանսիացի լրագրողներին դատի տալու պատճառ էր հանդիսացել այն, որ լրագրողները ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվող Cash Investigation ծրագրի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմն անվանել էին «բռնակալի» ղեկավարած «դիկտատուրա»:
Ադրբեջանի կառավարության ներկայացրած հայցը մերժելու պատճառ է հանդիսացել 1881թ. ընդունված մամուլի ազատության վերաբերյալ օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանը, որպես արտասահմանյան պետություն, չի կարող հայց ներկայացնել:
Լրագրող Էլիզ Լյուսեն, իր միկրոբլոգում գրառում կատարելով, նշել է, որ Ադրբեջանը պարտվել է, և հաղթել է խոսքի ազատությունը: