«Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավից և հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի նախընտրած քաղաքական թիմին: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է:
«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին: Յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին ու խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, իսկ եկամուտներն ընդլայնվեն:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու հուսով է նաև, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և թափանցիկ ընտրություններ: